Հոկտեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարակում կայանալու է ոչիշխանական ուժերի հանրահավաքը, որի օրակարգն ու հետագա գործողություններն առիթ են տվել տարաբնույթ մեկնաբանությունների: Շրջանառվում է տեսակետ, թե այդ հանրահավաքը կարող է ուկրաինական Մայդանի նախադեպը կրկնել Հայաստանում: Թերևս հիմք ուներ «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի «Россия-1»-ի կիրակնօրյա «Вести»-ով արած այն հայտարարությունը, թե Հոնկոնգից հետո ԱՄՆ-ը փորձելու է Մայդանը «տեղափոխել» ՌԴ հենակետ համարվող Հայաստան, որպեսզի վերջինիս պոկի Ռուսաստանից:
Առաջիկա հանրահավաքի՝ Մայդանի վերածվելու հնարավորության մասին ենք զրուցել վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
-Նախ ասեմ, որ Հայաստանի ընդդիմությունը կցված չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ ԱՄՆ-ին, որ փորձեն ուղղորդել ու Հայաստանում Մայդան ստեղծել: ՈՒկրաինայի փորձը հենց ամերիկյան գործելաոճի շատ վառ օրինակ է: Հայաստանում, բարեբախտաբար, շատ լավ են հասկանում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ուժային այս կամ այն բևեռի ազդեցությունը ներքաղաքական գործընթացներում: Մենք դա տեսել ենք նաև Մարտի 1-ին: Արևմուտքը սովորաբար աշխատում է իշխանությունների հետ: Եվ եթե առանձին քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով նա կարողանում է ստեղծել դժգոհության փոքր օջախներ, ապա չի նշանակում, թե ԱՄՆ-ը և ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կարող են այստեղ ուղղորդել ընդդիմադիր ուժերին: Ավելին, Հայաստանում չկա այն ընդդիմադիր ուժը, որը թույլ կտա Մայդանի ծնունդը: Մենք շատ լավ ենք հասկանում, որ Մայդանը կարող է դառնալ մեր երկրի ոչնչացման սկիզբը: Այդ իսկ պատճառով մենք մինչև հիմա զերծ ենք մնացել որևէ կողմի աջակցությունը վայելելուց: Մեր գործողություններն էլ լիակատար հաջողությամբ չեն պսակվել, քանի որ չենք հենվել արտաքին ուժերի վրա: Մեր միակ ռեսուրսը և հենարանը Հայաստանի ժողովուրդն է, որի խնդիրներն այսօր օրակարգում են, և որի աջակցությամբ մենք փորձելու ենք մեր երկրում վերականգնել սահմանադրական կարգը: Բացառում եմ, որ Հայաստանում կարող է լինել Մայդան: Առավել ևս՝ երբ փորձում են հղում անել առաջիկա հանրահավաքին: Որևէ արտաքին ազդեցություն այստեղ չի կարող լինել:
-Իսկ Հայաստանում կա՞, ըստ Ձեզ, այն կրիտիկական զանգվածը, որը կարող է Մայդան ստեղծել՝ անկախ քաղաքական ուժերի ցանկությունից:
-Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունն այսօր կրիտիկական զանգված է, որը չունի կորցնելու որևէ բան՝ աշխատանք, բարեկեցություն, չի կարողանում հասնել արդարության, հարկային դաշտը խեղդում է իր տեռորով, մանր և միջին բիզնեսը ոչնչացվում է: Այս ամենն արդեն վերածվում է ազգային անվտանգության խնդրի: Հարցն այն է, թե քաղաքական ուժերը ինչ որոշման կհանգեն և ինչ ուղղություն կվերցնեն՝ կախված կրիտիկական զանգվածի պահանջներից: Կարծում եմ՝ քաղաքական ընդդիմադիր ուժերը մեծ ազդեցություն ունեն հասարակության վրա: Եթե այդ հեղինակությունը չունենային նրանք, չէին կարող մարզերում այդքան մարդաշատ հանրահավաքներ անցկացնել: Հետևաբար՝ քաղաքական ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան բացառել Մայդանը: Վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի:
-Քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ, անհատներ այն տեսակետն են հայտնում, թե այսօր ասպարեզում գտնվող ընդդիմադիր ուժերը ռուսամետ են, ղեկավարվում են ՌԴ-ից, այդ պատճառով էլ բացառվում է Մայդանը:
-Ստիպված եմ կրկնել՝ ընդդիմադիր ուժերի վրա ազդեցություն չունի ո՛չ Արևմուտքը, ո՛չ ՌԴ-ն: Մեր հենարանը Հայաստանի հասարակությունն է:
Ճեպազրույցը՝
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԻ